ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իսկ կվերականգնվի՞ երբեմնի Եվրոպան

Իսկ կվերականգնվի՞ երբեմնի Եվրոպան
23.04.2019 | 04:28

Բնական է այն զայրույթի ու զզվանքի ալիքը, որ Հայաստանում առաջ բերեց գենդեր Վաղարշակ-Լիլիթ Հովհաննիսյանի աննախադեպ ելույթը հայոց խորհրդարանում: Նախկին արուն՝ տեխնոլոգիապես արդիականացված տիկին Հովհաննիսյանը, կատարյալ էր իր լպիրշությամբ ու ազգային-բարոյական պատկերացումների, սրբագույն հայ ավանդական ընտանիքի հանդեպ իր ցինիկ արհամարհանքով: Եվ միասնական էր հայ մարդու պատասխանը գենդերը մա՞րդ է, թե՞ մարդ չէ տրահռչակ հարցադրմանը՝ գենդերը մարդ չէ:
Սակայն եթե անաչառ լինենք, պիտի ընդունենք, որ Հայաստանում այդ գարշելի երևույթի ի հայտ գալու մեղավորը մենք ենք, ու առաջին հերթին մեր անհարկի, հաճախ նույնիսկ անհասկանալի եվրոպասիրությունը: Հայոց լրատվամիջոցներում, օրինակ, բացասական ի՜նչ ասես չի գրվում Ռուսաստանի մասին, սակայն երբ խոսքը վերաբերում է Եվրոպային, ապա գերազանցապես դիֆիրամբներ են հնչում. դե, մենք էլ ենք եվրոպական ազգ, որտե՜ղ մենք, որտե՜ղ Ռուսաստանը:


Հասկանալի է, Եվրոպան այն քաղաքական սուբյեկտը չէ, որը կարելի է անտեսել: Եվ եթե խնդիրը վերաբերեր նրա հետ առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցությանը, ապա կարելի էր միայն ողջույնի խոսքեր հնչեցնել: Սակայն հանրահայտ փաստ է, որ ժամանակակից Եվրոպան նաև այն միացյալ հանրությունն է, որը նույնիսկ պարզապես իր հետ մերձեցման ցանկություն հայտնող պետության ու ժողովրդի վզին է փաթաթում բարոյազրկության տեսանկյունից իր հիրավի անկրկնելի «եվրոպական արժեքները»: Եվրամիության հիմնարար փաստաթղթերում հստակ արձանագրված է, որ միությանը չի կարող անդամագրվել ոչ մի երկիր, որը չի ճանաչում այդ արժեքները: Այդ թվում նաև գենդերականությունը: Եվ գենդեր Հովհանիսյանը մեր եվրոպասիրության սոսկ առաջին պտուղն է:


Ախր ինչու՞ ենք մենք այդքան սիրում մի աշխարհամաս, որը նույնիսկ եվրոպացի շատ քաղաքագետների կարծիքով բռնել է ինքնակործանման սոդոմական ուղին: Երբ «մարդու իրավունքների» բարձրագոչ ընդհանուր կարգախոսի ներքո հետևողականորեն իրականացվում են նշյալ արժեքները (իմա՝ այլասերվածությունները): Արդարև, ինչ ապագա կարող է ունենալ մի քաղաքակրթություն, որը հրաժեշտ է տալիս քրիստոնեական կրոնին, քարոզում ու տարածում է միասեռականություն, Աստծո ընտրյալ երկու սեռի փոխարեն ճանաչում է վեցը թե յոթը, վերացնում է «տղամարդ» հասկացությունը, չի առարկում մանկապղծության օրինականացմանը, շրջանառությունից հանում է երբեմնի նվիրական ու բաղձալի «հայր» և «մայր» անվանումները, դրանք փոխարինելով «ծնող-1» և «ծնող-2» բթամիտ հորջորջումներով, ամենացածրակարգ պատրվակներով ծնողազրկում է երեխաներին ու նրանց հանձնում անորոշ սեռերից կազմված «ընտանիքներին», ոչխարային հանդուրժողականություն է դրսևորում անորակ ու այլադավան ներգաղթյալների նկատմամբ, սեփական կամքով կամ դրա բացակայությամբ աշխարհամասը տանում է դեպի իսլամացում... Ո՜ր «արժեքը» թվարկես:
Թերևս հուսադրող է այն իրողությունը, որ Եվրոպայում ասպարեզ են գալիս նոր սերնդի քաղաքագետներ, որոնք իսկապես մտահոգված են իրավիճակի անհեթեթությամբ: Ահա և, բառացիորեն օրերս Իտալիայի փոխվարչապետ ու ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին իր մի հրովարտակով անձնագրում և համապատասխան այլ փաստաթղթերում վերականգնեց «հայր» և «մայր» հասկացությունները, խաչ քաշելով թվաբանական 1-ին և 2-րդ «ծնողների» վրա:


Ի դեպ, եվրոպական թեման ռուսաստանյան լրատվամիջոցներում ակտիվ քննարկման առարկա դարձավ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված ավերիչ հրդեհի ու դրա հետևանքների կապակցությամբ: Սակայն իրոք անկեղծ ցավ հայտնելով ողբերգական իրադարձության առիթով, լրատվամիջոցներում միաժամանակ այդ ֆոնի վրա արտահայտվեցին կարծիքներ, տեսակետներ, որոնք առնվազն խորհելու տեղիք են տալիս, և իմաստ կունենար դրանցից մի քանիսը ներկայացնել թերթի ընթերցողներին:
Տեղի ունեցածը քաղաքակրթական աղետ էր: Տպավորություն էր ստեղծվում, որ ֆրանսիացիներն ավելի շատ ողբում են այն բանի համար, որ կործանման եզրին էր կանգնել պատմական շինարարական կառույցը, և ոչ թե քրիստոնեական աղոթատեղին: Ֆրանսիայում (Եվրոպայում) սովորական է դարձել, երբ մուսուլմանները գնում-առնում են եկեղեցիները և դարձնում մզկիթ, ճաշարան, մարզասրահ, խաղատուն (հիշու՞մ եք նախազգուշացնող գրական երկը՝ «Փարիզի Աստվածամոր մզկիթը» վերնագրով): Ամենաբարձրյալը երկար համբերեց և եվրոպացիներին հիշեցրեց, թե ովքեր են եղել իրենք և ինչի են վերածվել:


Արդյո՞ք այս հրդեհը կդառնա սահմանագիծն այն բանի, որ եվրոպացիները կանգ առնեն ու մտածեն՝ պիտի շարունակե՞ն խրվել ու խեղդվել սոդոմական խեղումների, կամազրկության, անդեմության գետի մեջ: Սա Աստծո ահազանգն է, և եթե դա չընդունվի, ապա Նոտր-Դամին պարտադիր կհաջորդեն ուրիշ կորուստներ:
Ֆրանսիան հրաժարվել է Քրիստոսից: ՈՒ՞ր էին ֆրանսիացիները, երբ սեփական օդուժը ՆԱՏՕ-ի կազմում ռմբակոծում էր սերբական ուղղափառ եկեղեցիները: ՈՒ՞ր էին եվրոպացիները, երբ Կոսովոյում ամենայն բարբարոսությամբ ոչնչացվում էին նույն քրիստոնեական հնամյա պատմական տաճարներն ու մենաստանները:
Եվրոպական բարոյականության, եվրոպական այլակարծության թալիսմաններից մեկը՝ երգիծական Charlie Hebdo հանդեսը երջանկացավ ու բաց չթողեց իր շանսը: Կրպակներում օպերատիվորեն հայտնվեց ծաղրանկարը՝ ժպտադեմ նախագահ Էմանուել Մակրոնը՝ մազերի տեղը՝ բոցավառված Աստվածամայրը: Ի՜նչ սրբության, ի՜նչ տարրական նրբանկատության մասին է խոսքը:


Ինչքան էլ որ գերարդիականորեն վերականգնվի Փարիզի Աստվածամոր տաճարը, միևնույն է, նա արդեն չի լինի եվրոպական քրիստոնեական քաղաքակրթության կուռքը: Դա արդեն անցյալ է: Եթե նույնիսկ պարզվի, որ այն այրել են իսլամիստները, միևնույն է, ոչ ոք չի իմանա այդ մասին: Եվրոպացի մուսուլմանները վաղուց են հանգել այն համոզմանը, որ մայր ցամաքը իրենք նվաճում են առանց պատերազմի, առանց կրակոցի, առանց բռնությունների:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 29284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ